Մեծահասակների կրթության կենտրոններ

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը խթանում է մեծահասակների կրթությունը և ցկյանս ուսումնառությունը երեք մակարդակներում՝ մակրո, մեզո և միկրո։ 

Մակրո հարթակում ջանքերն ուղղված են մեծահասակների կրթությունը համապատասխան կրթական քաղաքականության և ռազմավարության մեջ ներառելուն։ Մեզո մակարդակում Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը համագործակցում է մեծահասակների կրթության ոլորտի ցանցային կազմակերպությունների հետ, ինչպես նաև վերապատրաստումների, ուսուցողական այցելությունների և մի շարք այլ միջամտությունների գործիքակազմի միջոցով աջակցում է մեծահասակների կրթությամբ զբաղվողներիկարողությունների զարգացմանը։ 

Դի-Վի-Վի Հայաստանի գործունեության ևս մի կարևոր բաղադրիչ է մեծահասակների կրթության կենտրոնների հիմնումը միկրո մակարդակում։ Վերջին 15 տարիների ընթացքում Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը Հայաստանում հիմնադրել է այսպիսի 3 կենտրոն, որոնցից ներկայումս գործում են 2-ը։ 

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոն

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնը հիմնադրվել է 2005 թվականին Շիրակի թեմի նախաձեռնությամբ և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ։ Կենտրոնն իր աշխատանքները սկսել է որպես Գյումրու կարիքավոր բնակչությանը և հատկապես երեխաներին սոցիալական և կրթական ծառայություններ մատուցող կազմակերպություն։ Զարգանալով և ընդլայնվելով՝ Կենտրոնի գործառույթներին ու ծրագրերին ավելացան նոր բաղադրիչներ` սոցիալական աջակցություն, ցերեկային խնամք,  սոցիալական ձեռներեցություն, երիտասարդական և տարեցների ակումբ, կամավորական աշխատանքի հնարավորություն, գրադարանը, հոգևոր և հոգեկան խորհրդատվություն և այլն։ Կենտրոնի շահառուները սոցիալապես անապահով մարդիկ են, այդ թվում` հաշմանդամություն ունեցող անձինք և գործազուրկ մեծահասակներ, երեխաներ, միայնակ կանայք, երիտասարդներ և մեծահասակներ։  

2007 թվականին Սոցիալ կրթական կենտրոնը սկսել է համագործակցել Դի-Վի-Վի Ինթերնեշնալի հետ՝ վերածվելով մարզում մեծահասակների կրթության ծառայությունների  տրամադրողի։ Այս տարիների ընթացքում Կենտրոնն իրականացրել է բազմաթիվ վերապատրաստումներ միտված աշխատաշուկայում պահանջված հմտությունների դասվանդմանը, այդ թվում՝ վարսահարդարում, կարուձև, խոհարարություն, կահույքագործություն և ատաղծագործություն, շինարարություն, կոսմետոլոգիա, բիզնես հաղորդակցություն, համակարգչային հաշվապահություն, գործավարական աշխատանք և այլն։ 

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի աջակցությամբ հիմնադրվել է կահույքագործական արտադրամաս, մասամբ կահավորվել են կարի արհեստանոցն ու խոհանոցը։ Շուրջ 650 գործազուրկ կին և տղամարդ (18-56 տարեկան) վերապատրաստվել են Կենտրոնում և առնվազն 20%-ը աշխատանք է գտել կամ դարձել է ինքնազբաղ՝ բարելավելով իր կյանքի որակը։ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը աջակցել է Սոցիալ-կրթական կենտրոնին նաև գերմանական գործընկերների հետ կապերի և փոխանակումների հաստատման միջոցով, այդ թվում․

  • Ուսուցողական այց Սաքսոնիա-Անհալթ 2010-ին,
  • Վիլհելմսհաֆեն բարձրագույն դպրոցի հետ գործընկերային հարաբերությունների հաստատում 2013-ին,
  • Միքայել եպս․ Աջապահյանի գլխվորած պատվիրակության այց Վիլհելմսհաֆեն 2014-ին, 
  • «Հայկական օրեր Վիլհելմսհաֆենում» մշակութային շաբաթ 2015-ին,
  • Սաքսոնիա-Անհալթի մշակույթի և կրթության նախարարի այցը Սոցիալ-կրթական կենտրոն 2017-ին։ 

Իր գործունեությունը առավել արդյունավետ դարձնելու համար Սոցիալ-կրթական կենտրոնը համագորածակցում է մի շարք տեղական պետական և մասնավոր կազմակերպությունների հետ։ Զբաղվածության պետական գործակալության Գյումրու Տարածքային զբաղվածության կենտրոնի հետ համագործակցության արդյունքում Կենտրոնում վերապատրաստված անձինք հետագայում ստանում են գործակալության աջակցությունը  իրենց սեփական բիզնեսը հիմնելու կամ աշխատանք գտնելու գործում։ Կենտրոնը նաև համագործակցում է փոքր և միջին տեղական ձեռնարկությունների հետ՝ նրանց հրավիրելով վերապատրաստումների ավարտական միջոցառումներին, որտեղ ձեռներեցները հաղորդակցվում են վերպատրաստված անձանց հետ։

Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոն

Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնը հիմնադրվել է 2013 թվականին Սյունիքի մարզի Սիսիան համայնքում։ Նոր գործըկեր ընտրելու նպատակով Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը հայտարարել էր բաց կարգով դիմումների հավաքագրում Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում և Սիսիանի քաղաքապետարանն նոր կենտրոնի ստեղծման համար ընտրվել էր որպես լավագույն հնարավոր գործընկեր ։ 2013 թվականի մարտին Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի և Սիսիանի քաղաքապետարանի միջև կնքված հուշագրով նախատեսվում էր, որ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը կֆինանսավորի Սիսիանի Մեծահասակների կրթության կենտրոնի աշխատանքը, իսկ քաղաքապետարանը կտրամադրի Կենտրոնի գործունեության համար անհրաժեշտ գրասենյակային տարածքը։ Ի հավելումն, քաղաքապետարանը պարտավորություն ստանձնեց հիմնել Կենտրոնի գույքի և ակտիվների համար պատասխանատու հիմնադրամ և իրականացնել հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված բոլոր գործողությունները։   

2013թ․ գարուն-ամռանը Կենտրոնը վերանորոգվել և կահավորվել է, իսկ սեպտեմբերի 24-ին պաշտոնապես բացել է իր դռները։ Բացումից անմիջապես հետո սկսվել է դասավանդողների հավաքագրումն ու վերապատրաստումը։ Ընտրված 10 թեկնածուներն ու Կենտրոնի աշխատակազմը մասնակցել են երեքշաբաթյա անդրագոգիայի սեմինարի, որը վարել են Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգայի փորձագետները։ Դասավանդողների վերապատրաստման մասնակիցներից 9-ը հետագայում աշխատանքի անցան Կենտրոնում։ 

Վերջին չորսուկես տարում Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը ամենամյա աջակցություն է ցուցաբերել Սիսիանի Մեծահասակների կրթության կենտրոնին ուսուցողական ծրագրերի կյանքի կոչման և որոշ վարչական ծախսեր հոգալու համար։ Սիսիանի քաղաքապետարանը նույնպես իր ֆինանսական աջակցությունն է ցուցաբերում Կենտրոնի կրթական ծրագրերի իրականացմանը։ Կենտրոնն իր հերթին շահառուներին առաջարկում է ֆինանսական արդյունավետ մոդել, ըստ որի ուսումնառուները նույնպես համաֆինանսավորում եմ ուսուցման ծախսերը՝ վճարելով տարեկան 15 եվրո և հնարավորություն ստանալով մասնակցել Կենտրոնի կողմից մատուցվող վերապատրաստման բոլոր ծրագրերին։ 

Կենտրոնի նպատակն է նոր հմտություններ, ունակություններ և կարողություն ձեռք բերել ցանկացող բոլոր շահառուներին  ապահովել մատչելի և արդյունավետ կրթական ծառայություններով։ Կենտրոնը միակն է մարզում, որ մեծահասակների կրթության համայնքային ծառայություն է մատուցում՝ առաջարկելով լեզվի դասընթացներ, համակարգչային հմտություններ և ծրագրավորում, հաշվապահական հաշվառում և գործավարություն, վարսահարդարում, ձեռագործություն և այլն։ 

Վերջին 4 տարում կենտրոնի շահառու կանանց և տղամարդկանց թիվը հատել է 650-ը (18-56 տարեկան), որոնցից առնվազն 40%-ը աշխատանք է գտել կամ դարձել է ինքնազբաղ՝ բարելավելով իր կյանքի որակը։

Համայնքների խոշորացման ծրագրով 2017թ․Սիսիանին են միացել 30 գյուղական բնակավայրեր։ Կենտրոնը ներկայումս մոտեցումներ է մշակում  այս համայքների կարիքներին համապատասխան ծրագրերի դիվերսիֆիկացման և նոր ծրագրեր առաջարկելու ուղղությամբ։  

VHS DVV International LogoBMZ Logo