Արմենիա տոտալիտարիս․ հասկանալով ստալինիզմն ու դրա հետևանքները Հայասանում

 Արմենիա տոտալիտարիս-ը Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի և «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է։ Ծրագիրը մեկնարկել է 2012թ․` իր առջև նպատակ դնելով հասկանալ ստալինիզմը Հայաստանյան համատեքստում, դրա շուրջ հասարակական քննարկումներ խթանել՝ որպես հետազոտության հիմնական գործիքակազմ օգտվելով բանավոր պատմություններից և արխիվային նյութերից՝։ 

2012-2017թթ․ ծրագրի իրականացման ընթացքում գրանցվել են բռնադատվածների և նրանց ընտանիքների ավելի քան 100 բանավոր պատմություններ Հայաստանի մարզերում և Երևանում։ Զուգահեռաբար հավաքվել են օրագրեր և հուշագրություններ, արխիվային փաստաթղթեր և լուսանկարներ։ Հավաքված նյութերը զետեղված են www.armeniatotalitaris.am  կայքում։ 

2015 թվականին ծրագրի շրջանակներում հայաստանցի երիտասարդ հետազոտողների համար կազմակերպվել է «Սովետական բռնադատությունների ուսումնասիրման մեթոդները» ամառային դպրոցը, որին հաջորդել է նույն թեմայով միգազգային ամառային դպրոց` Հայաստանից, Ռուսաստանից և Վրաստանից ուսանողների, զեկուցողների և դասընթացավարների մասնակցությամբ։ «Հազարաշեն»-ի  փորձագետների ղեկավարությամբ վերապատրաստում անցած ուսանողները սերտորեն աշխատել են Հայաստանի Ազգային արխիվի հետ՝ Հայաստանում ստալինյան բռնաճնշումների բոլոր զոհերի մասին տվյալների շտեմարան ստեղծելու նպատակով։ 2017-ի հունիսին հրապարակվեց և առցանց տեղադրվեց 1949 թվականին Հայաստանից Սիբիր աքսորված 12,433 անձանց անձնական տվյալներն ամփոփող շտեմարանի մի մասը (http://www.armeniatotalitaris.ru /): 

«Ստալինյան բռնաճնշումները Հայաստանում․ պատմություն, հիշողություն, առօրյա»  հրատարակությունը ծրագրի թերևս կարևորագույն արդյունքն է։ Գրքի համար հիմք են հանդիսացել հիմնականում քաղաքական բռնաճնշումների զոհերի ընտանեկան պատմությունները և հուշագրություները, ինչպես նաև սահմանափակ արխիվային նյութեր, ուսումնասիրության առարկա ժամանակահատվածի տպագիր մամուլի նմուշներ։ Գիրքը նվիրված է Խորհրդային Հայաստանում ստալինյան բռնաճնշումների խնդրին՝ անդրադառնալով դրանց ուղղվածությանը, սոցիալական թիրախավորմանը, առօրյա կյանքի վրա ունեցած ազդեցությանը, հասարակական ընկալումներին, բռնադատությունների պատճառներին և մեղքի գործոնի գնահատմանը, ինչպես նաև դահիճների և զոհերի մեմորիալիզացիային առնչվող խնդիրներին։

Ծրագրի շրջանակներում նկարահանվել է «Անհարազատները» վավերագրական ֆիլմը՝ (ռեժիսոր՝ Սարգիս Հովսեփյան, Նիկա Շեկ) հիմնված ծրագրի ընթացքում գրանցված բանավոր պատմությունների վրա: Ֆիլմը ցուցադրվել է Երևանում, Գյումրիում և Կապանում։ Համացանցում այն հասանելի է հետևյալ հղումով՝https://www.youtube.com/watch?v=a1fuXvuiSnE&feature=share      

«Օ՜, Հայրենիք, սառն ու անուշ» վավերագրական ֆիլմը ևս մեկ անդրադարձ է բռնաճնշումների թեմային։ Ֆիլմը նկարահանվել է Վերսուս ստուդիայի կողմից` Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի ֆինանսական օժանդակությամբ։ 64 րոպեանոց ֆիլմը 51 հարցազրույցների շարք է (42 զոհերի, 5 ընտանիքի անդամների և 4 փորձագետների)  նկարահանված Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Ռուսաստանում։ 

Ծրագրի հաջորդ կարևոր արդյունքը Երևանում կարմիր տեռորի քարտեզագրությունն է։ Բռնաճնշումների այս քարտեզում ամփոփված են կարմիր տեռորից տուժած  շուրջ 40 վարչական և կրոնական կառույցներ, հուշարձաններ և բնակելի  շենքեր։ Բռնաճնշումներին զոհ գնացած ավելի քան 110 հայտնի անձանց՝ գրողների, գիտնականների, քաղաքական գործիչների, զինվորականների և հոգևորականների տվյալներ ճշտվել և զետեղվել են քարտեզում։ 1949 թվականի աքսորը քարտեզում ներկայացված է Երևանի 100 փողոցների օրինակով, յուրաքանչյուր փողոցում պատկերված մեքենան ցույց է տալիս այդ փողոցից աքսորված մարդկանց և ընտանիքների քանակը։ Քարտեզը կարելի է գտնել այստեղ՝ https://www.google.com/maps/d/viewer?mid=1nwMpFWcz7_I1AatmoJCYz8Ttxoc&ll=40.186693%2C44.51911210000003&z=13  .   

2017 թ․ սեպտեմբերի 22-ին «Հազարաշեն»  ՀԿ-ի, Հայաստանի Ազգային արխիվի և Հայաստանի Ազգային գրադարանի համագործակցության արդյունքում բացվեց Մեծ տեռորի 80 ամյակին (1937-2017) նվիրված ցուցահանդես, որտեղ ներկայացվեցին ծրագրի շրջանակներում հայտնաբերված և շրջանառված բազմաթիվ արխիվային նյութեր։  

Հանրային իրազեկության բարձրացման և Հայաստանում ստալինյան բռնաճնշումների շուրջ հանրային բանավեճերի խրախուսման նպատակով իրականացվել են մի շարք հասարակական քննարկումներ, գրքի շնորհանդես և ֆիլմերի ցուցադրություններ:

VHS DVV International LogoBMZ Logo