Նոյեմբերի 1-ին և 2-ին ավելի քան 25 մասնակից, այդ թվում՝ 16 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քրեակատարողական համակարգի փորձագետներ մասնակցում էին «Ծրագրերի մշակում և իրականացում բանտարկյալների հետ և բանտարկյալների համար» խորագրով երկօրյա աշխատաժողովի:
Աշխատաժողովի նպատակն էր մասնակիցներին զինել գիտելիքներով՝ հասկանալու ՀՀ քրեակատարողական հիմնարկների գործունեությունը՝ սկսած ՔԿՀ-ներում առկա ոչ ֆորմալ փոխհարաբերությունների, դրանց տեսակների առանձնահատկություններից մինչ կրթության ապահովումը կարգավորող օրենսդրություն և առկա պրակտիկա:
Աշխատաժողովի սկզբում մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը և Բանտային կրթության միջազգային ցանցի անդամ Գայանե Հովակիմյանը մասնակիցների հետ քննարկեցին քրեակատարողական հիմնարկների ներքին մշակույթը: Քրեակատարողական օրենսդրության փորձագետ Դավիթ Թումասյանը ներկայացրեց այն հիմնական կանոնակարգերը, որոնք կարևոր են ՔԿՀ-ներում ծրագրեր իրականացնող կազմակերպությունների համար: Նա նաև ներկայացրեց վիճակագրություն ՀՀ-ում առկա բանտերի վերաբերյալ, ինչպես նաև նշեց՝ ինչպիսի կրթական ծրագրեր կարող են լինել տարբեր հաստատություններում և թիրախային խմբերում:
Աշխատաժողովի առաջին օրը մասնակիցների հետ իրենց փորձառությամբ կիսվեցին ՔԿՀ-ներում կրթական ծրագրեր իրականացնող «Փրոջեքթ Հարմոնի», «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ների, ինպես նաև ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ՝ շեշտադրելով մարտահրավերները և շահառուներին ծրագրերում ներգրավման մոտիվացնելու միջոցները: Աշխատաժողովի երկրորդ օրը Սոցիալական ձեռներեցության փորձագետ Նազարեթ Սեֆերյանը մասնակիցներին ներկայացրեց Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում իրավախախտների մասնակցությամբ իրականացվող երկու ՍՁ-ների օրինակներ:
Ոլորտի վերաբերյալ տեղեկատվությամբ զինված՝ դասընթացի մասնակիցները ներկայացրեցին իրենց նախնական նախագծային գաղափարները գաղափարների տոնավաճառում: Մասնակիցների կողմից ներկայացված գաղափարների վերաբերյալ հետադարձ կապ տրամադրվեց ինչպես իրենց նախագծերի օգտին քվեարկող այլ մասնակիցների, այնպես էլ փորձագետների կողմից` ծրագրի կարևորության և իրագործելիության մասին շեշտադրումներով: Միջոցառումն ավարտվեց բանտերում կրթական ծրագրերի իրականացման համար չորսից հինգ հասարակական կազմակերպությունների ընտրության գործընթացի և չափանիշների մանրամասն ներկայացմամբ:
Այսպիսով՝ երկօրյա աշխատաժողովի արդյունքում ՀԿ-ների ներկայացուցիչներն անցան մի գործընթացի միջով, որը նրանց նախապատրաստեց նախնական հայեցակարգերը ավարտին հասցնելու և լիարժեք հայտեր ներկայացնելու համար։
Երկօրյա դասընթացն իրականացվեց Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ հայաստանյան գրասենյակի կողմից Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հանուն մարդու իրավունքների․ կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի շրջանակում։