Մեծահասակների կրթությունը ի նպաստ Սիրիայից տեղահանված անձանց ինտեգրմանը Հայաստանում
«Մեծահասակների կրթությունը ի նպաստ Սիրիայից տեղահանված անձանց ինտեգրմանը Հայաստանում» ծրագիրը իրականացվել է 2014-2015թթ Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության դրամաշնորհի շրջանակներում։
Ծրագիրը նախագծվել և իրականացվել է սիրիական ճգնաժամի վատթարացման պատճառով Հայաստան սիրիահայերի զգալի ներհոսքի պայմաններում՝ փորձելով աջակցել վերջիններիս ինտեգրմանը Հայաստանում։ Սիրիահայերի ներգաղթը սկսվել էր 2012թ-ին և ավելի ուժգնացել 2013-ին ու 2014-ին։ Ըստ Սփյուռքի նախարարության 2014 թվականի տարեկան զեկույցի՝ 2014թ-ին սիրիահայերի թիվը Հայաստանում կազմում էր 12,000 մարդ, մինչդեռ համայնքի ներկայացուցիչների համոզմամբ ևս 10,000 մարդ Հայաստան գալուց հետո տեղափոխվել էր Արևմտյան Եվրոպա, ԱՄՆ, Կանադա։ Հայաստանի կառավարության և ՀԿ-ների միացյալ ջանքերով գործում էին փախստականների աջակցության ծրագրեր մի քանի ուղղություններով՝ վերապատրաստման հնարավորություններ, մարդասիրական և բժշկական օգնություն, տան վարձերի փոխհատուցում, սոցիալ-հոգեբանական աջակցություն և այլն։ Փախստականներն օգտվում էին նաև վիզային ռեժիմի դյուրացումից և արագացված կարգով քաղաքացիություն ստանալու թույլտվությունից 5-10 տարի ժամկետով։
Սփյուռքի նախարարության հիմնած «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն պետական մարմինների և աջակցություն տրամադրող միջազգային կազմակերպությունների միջև բանակցող հիմնական դերակատարն է։ Սիրիական համայնքը ներկայացնում են նաև շահույթ չհետապնդող «Քեսապի հայրենակցական միությունը» և «Հալեպ հայրենակցական բարեսիրական կազմակերպությունը», որոնք էլ դարձան այս ծարգրի շրջանակներում ներգրավված գործընկերներ։
Ծրագրի հիմնական նպատակն էր նպաստել սիրիացի փախստականների սոցիալ-մշակութային և տնտեսական ինտեգրմանը Հայաստանում հետևյալ աշխատանքների միջոցով.
- Հայաստանում սիրիացի փախստականների վերապատրաստման և ինտեգրման կարիքների գնահատում,
- «Հալեպ» ՀԿ-ի երիտասարդական թևի կարողությունների զարգացման սեմինարների շարք և հետագա ծրագրերի աջակցություն,
- Մի քանի դասընթացի անցկացում աշխատաշուկայում պահանջարկ ունեցող հմտությունները ուշեղացնելու նպատակով, այդ թվում համակարգչային հմտություններ, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն, թաղիքագործություն, ինչպես նաև խորացված ծրագրավորման դասընթացներ ՏՏ ուսանողների համար։
Ծրագրի ավարտին դասընթացների մասնակից ավելի քան 100 սիրիացի փախստականներ բարելավել են իրենց գիտելիքներն ու բարեկեցությունը և հայաստանյան իրականության մեջ աստիճանական ինտեգրման մի փորձ են կատարել։
Փախստականների ինտեգրմանը նպաստելու և հայաստանյան լայն զանգվածներին սիրիահայ համայնքի պատմությունը, ժառանգությունն ու կենսակերպը ավելի հասկանալի դարձնելու նպատակով տպագրել և բաժանվել է 1000 օրինակ տեղեկատվական գրքույկ։
2015-ի ապրիլին Դի-Վի-Վի Հայաստանը աջակցել է 10 երիտասարդ սիրիահայ պարողների մասնակցությունը «Երգենք և պարենք խաղաղության համար» խորագրով անցկացվող տասնօրյա միջազգային փառատոնին։ Եվս 150 տարբեր տարիքի սիրիահայ հնարավորություն են ստացել որպես հանդիսատես ներկա լինել փառատոնի շրջանակներում նախատեսված համերգներին և մշակութային այլ միջոցաումներին։
Դի-Վի-Վի հայաստանի ծրագրի շրջանակներում կազմակերպված ամենահանրային միջոցառումը «Ասանկ-Անանկ» բացօթյա փառատոնն էր, որն իրականացվեց գործընկերների՝ «ՄԻՀՐ» սոցիալ-մշակութային կազմակերպության, Հայ դերասանների միության և Հալեպ հայրենակցական բարեսիրական կազմակերպության հետ համագործակցությամբ։ Փառատոնը 8-օրյա բացօթյա միջոցառումների շարք էր, որի ձևաչափը նպատակ ուներ խթանել հայաստանցիների և սիրացիների միջև ավելի խորը փոխըմբռնում և փոխգործակցություն։ Փառատոնի հիմնական միջոցառումները (ֆիլմերի դիտումներ, ցուցահանդեսներ, շաբաթօրյակ, դասախոսություններ, համերգ, ազատ բարձրախոս, արտասանություն և միջոցառումներ երեխաների համար, ավանդական ուտեստների երեկո և այլն) անցկացվել են Երևանի Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից այգում։
«Ասանկ Անանկ» փառատոնի գործընկերներն էին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, «Դեպի Հայք» հիմնադրամը, Հայաստանի Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող (ՀՃՈւ) հիմնադրամը, Երևանի Մետրոպոլիտենը: