Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը Հայաստանում

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը հիմնվել է 2002թ.-ին՝ վերջին երկու տասնամյակների ընթացքում դառնալով Հայաստանում մեծահասակների ուսումնառության և կրթության (ՄՈՒԿ) և ցկյանս ուսումնառության (ՑՈՒ) ներդրման և զարգացման առանցքային դերակատար։
Հայաստանում մեծահասակների ուսումնառությունն ու կրթությունը խթանելու նպատակով Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը գործունեություն է ծավալում մի քանի առանցքային ուղղություններով․
Ոլորտային քաղաքականության իրականացում. որպես կրթության առանձին ենթաոլորտ ՄՈՒԿ-ը համապատասխան օրենքներում, ռազմավարություններում, կառավարության ծրագրերում ներառելու ուղղությամբ ջատագովություն, տարբեր հետազոտությունների և ուսումնասիրությունների իրականացում, որոշումներ կայացնողների մասնակցություն ՄՈՒԿ միջազգային հարթակներում և այլն:
Ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունների զարգացում․ ՄՈՒԿ ծառայություններ տրամադրողների ոչ ֆորմալ ցանցի ստեղծում, որը ներառում է նաև գործընկեր ՄՈՒ կենտրոնները, գործընկերություններ հանրային և մասնավոր այլ մասնագիտացած կառույցների և ՄԿ կենտրոնների միջև, ինստիտուցիոնալ հզորացում կառավարման մոդելների և նորարարական դասընթացների մշակման և տեղայնացման միջոցով, ուսումնական այցեր, մենթորություն և խորհրդատվություն ՄԿ կենտրոններին, ուսուցանողների/դասընթացավարների ուսուցանում, համագործակցություն համալսարանների հետ և այլն։
Շահառուների համար նոր հնարավորություններ ՄՈՒԿ կենտրոնների միջոցով․ Աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտական հմտություններ ձևավորող հարյուրավոր դասընթացների իրականացում խոցելի շահառուների համար՝ ՄՈՒԿ կենտրոնների կողմից, որին զուգհեռ վերջիններս իրականացնում են նաև բազմաթիվ քննարկումներ, հանրային լսումներ, համայնքային նախաձեռնություններ՝ նպաստելով կենտրոնների շահառուների և համայնքի բնակիչների քաղաքացիական մասնակցությանը և համայնքի կյանքում ներգրավմանը։
Մասնագիտական գրականության ստեղծում, այդ թվում թվային և տպագիր՝ կրթական և սոցիալական տարբեր թեմաներով։ Ստեղծվել է ավելի քան 50 գիրք, ձեռնարկ և տեսանյութ, իրականացվել են բազմաթիվ հետազոտություններ, որոնք անդրադարձել են ՄՈՒԿ ու ՑՈՒ ընդհանուր հարցերի, ինչպես նաև թանգարանային և բանտային կրթությանը, պատմության դասավանդմանը, հայ-թուրքական հաշտեցմանը, ինչպես նաև շատ այլ թեմաների։
Այս աշխատանքների հիմնական դոնորը Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունն է։ Այդուհանդերձ, տարբեր այլ նախաձեռնություններ և ծրագրեր են իրականցվել Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության և Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Դրանք նպաստել են ՄՈՒԿ ներառմանը հետևյալ բնագավառներում՝
քաղաքացիական կրթւթյուն
թանգարանային կրթություն
բանտային կրթություն
խոցելի մեծահասակների մեդիագրագիտություն
ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացում
բանավոր պատմության կիրառությունը պատմական անցյալի հետ առերեսվելու նպատակով
տեղահանված անձանց սոցիալական ինտեգրում
համայնքային զարգացում և այլն:
Հիմնական ձեռքբերումներ
- 2002-2024 թթ․ ներդրվել է ավելի քան 5 միլիոն եվրո՝ շուրջ 50 ծրագիր և նախագիծ իրականացնելով 60,000 շահառուների համար։ Շուրջ 7,000 շահառու մասնակցել է ՄՈՒԿ կենտրոնների կողմից իրականացված դասընթացների և այլ նախաձեռնությունների, ավելի քան հինգ հազարը՝ համայնքային հանդիպումների, փառատոնների և այլ միջոցառումների, հազարից ավելի մասնագետներ մասնակցել են տարբեր վերապատրաստումների, աշխատարանների։
- Ավելի քան 150 կազմակերպության տրամադրվել է ֆինանսական և տեխնիկական աջակցություն։
- ՄՈՒԿ ջատագովության նպատակով ստեղծվել և տարածվել է ավելի քան 50 տպագիր և թվային նյութ։
- Աջակցվող 6 ՄՈՒԿ կենտրոններ (Հայաստանի Արագածոտն, Գեղարքունիք,Լոռի, Շիրակ, Սյունիք, Տավուշ մարզերում) տարեկան 30+ դասընթացներ են իրականացնում ավելի քան 500 շահառուի համար՝ արձագանքելով վերջիններիս կարիքներին և շուկայի պահանջներին։
- Տեղեկատվության փոխանակման, ՄՈՒԿ իրազեկվածության բարձրացման և ջատագովության նպատակով հիմնվել է 10 ՄՈՒԿ կառույցներից բաղկացած ոչ-ֆորմալ ցանց։
- Վերջին երկու տասնամյակի ընթացքում շուրջ 170 ՄՈՒԿ փորձագետներ և իրականացնողներ, պետական և համայնքային պաշտոնյաներ, համալսարանի դասախոսներ ուսուցողական այցերով եղել են 30 երկրում՝ ավելի լավ պատկերացում կազմելով տարբեր համատեքստերում ՄՈՒԿ քաղաքականության և պրակտիկայի մասին։
- Շուրջ 150 դասընթացավար, ՄՈՒԿ կառավարիչ, համալսարանի դասախոս և այլ մասնագետներ մասնակցել են Curriculum GlobALE 12-շաբաթյան դասընթացավարների վերապատրաստմանը, իսկ նրանցից 100-ը հաջողությամբ ավարտել են դասընթացը։
- 2020-21 թթ․ առաջին անգամ Հայաստանում իրականացվել է ՄԵծահասակների կրթության հետազոտությունը, որի համաձայն հարցվածների (տարիքային խումբ 18-64) 14% է մասնակցում ոչ-ֆորմալ կրթական ծրագրերի։
- Մշակվել և ԿԳՄՍՆ-ին է տրամադրվել ՄՈՒԿ գործողությունների ծրագիրը, որից 6 կետ տեղ է գտել Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026թթ․ գործունեության ծրագրում և Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում։
- Կառավարությանն աջակցություն է տրամադրվել վերոնշյալ կետերից երկուսի իրականացման ուղղությամբ, այդ թվում՝ միջազգային համատեքստին ՄՈՒԿ տերմինաբանության համապատասխանեցման մասին առաջարկներ, ինչպես նաև Կրթության մասին օրենքի փոփոխությունների իրագործում։