Մեծահասակների կրթության կենտրոններ
Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը խթանում է մեծահասակների կրթությունը և ցկյանս ուսումնառությունը երեք մակարդակներում՝ մակրո, մեզո և միկրո։
Մակրո հարթակում ջանքերն ուղղված են մեծահասակների կրթությունը համապատասխան կրթական քաղաքականության և ռազմավարության մեջ ներառելուն։ Մեզո մակարդակում Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը համագործակցում է մեծահասակների կրթության ոլորտի ցանցային կազմակերպությունների հետ, ինչպես նաև վերապատրաստումների, ուսուցողական այցելությունների և մի շարք այլ միջամտությունների գործիքակազմի միջոցով աջակցում է մեծահասակների կրթությամբ զբաղվողներիկարողությունների զարգացմանը։
Դի-Վի-Վի Հայաստանի գործունեության ևս մի կարևոր բաղադրիչ է մեծահասակների կրթության կենտրոնների հիմնումը միկրո մակարդակում։
2002–2007 թթ․ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակն իրականացրել է մասնագիտական կրթության դասընթացներ՝ հիմնականում համագործակցելով միջին մասնագիտական կրթության հաստատությունների (քոլեջների) հետ։ Դասընթացների մեծ մասը նախատեսված էր ֆերմերների համար, սակայն որոշ դասընթացներ վերաբերվում էին տեքստիլ արդյունաբերությանը, ժողովրդական արվեստներին, խոհարարությանը, դիզայնին, համակարգչային գրագիտությանը և այլն։
2007 թվականից ի վեր՝ Դի-վի-վի ինթրենյշնալի աջակցությունը մեծահասակների կրթական ծրագրերն անցում են կատարել ավելի ինստիտուցիոնալ հարթություն՝ տրամադրելով ավելի կայուն ֆինանսավորում դասընթացների և տարբեր նախաձեռնությունների կազմակերպման համար՝ համագործակցելով Մեծահասակների կրթության կենտրոնների հետ։
Վերջին 15 տարիների ընթացքում Դի-վի-վի ինթերնեյշնալ Հայաստանը աջակցել է հինգ Մեծահասակների կրթության կենտրոնների, այդ թվում՝ «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամին (Շիրակի մարզ), Սիսիանի Մեծահասակների կրթության կենտրոն հիմնադրամին (Սյունիքի մարզ), Իջևանի Մեծահասակների կրթության կենտրոնին և Դիլիջանի Համայնքային կենտրոնին (Տավուշի մարզ), ինչպես նաև Մարտունու Կանանց Համայնքային Խորհրդի ՀԿ-ին (Գեղարքունիքի մարզ)։ Ներկայումս աջակցում է 4 Մեծահասակների կրթության կենտրոնների, ինչպես նաև համագործակցում է ևս 6 մեծահասակների կրթությամբ զբաղվող կազմակերպությունների հետ՝ («Սևան» Երիտասարդական Ակումբ ՀԿ, «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ, «Ալվան Ծաղիկ» սոցիալ-կրթական կենտրոն ՀԿ, «Կանաչ արահետ» ՀԿ, Գավառի Պետական Համալսարան, «Հայաստանի մանուկների հիմնադրամ» (COAF))։ 2020 թվականին այս 10 կազմակերպությունները Դի-վի-վի ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ ձևավորել են Մեծահասակների կրթության մատակարարների ոչ ֆորմալ ցանց՝ փորձի փոխանակման, ռեսուրսների համախմբման, կարողությունների զարգացման և մեծահասակների կրթության այլ նախաձեռնություններում՝ ապահովելու ՄՈՒԿ բարձր որակն ու արդիականությունը։
Աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտական հմտությունների զարգացմանն ուղղված հարյուրավոր դասընթացներին զուգահեռ, Մեծահասակների կրթության կենտրոնները իրականացրել են բազմաթիվ այլ միջոցառումներ, ներառյալ՝ քննարկումներ, հանրային լսումներ, համայնքային նախաձեռնություններ՝ խթանելով քաղաքացիական մասնակցությունն ու համայնքային ներգրավվածությունը ինչպես ՄԿԿ շահառուների, այնպես էլ համայնքի բնակիչների շրջանում։