Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը իր գործունեության շուրջ 20 տարիների ընթացքում շարունակաբար համագործակցում է մեծահասակների կրթության ոլորտի բազմաթիվ կառույցների հետ մարզերում և Երևանում։
Հուլիսի 15-ին ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր, որով ոլորտում գործող 17 կազմակերպություն ամրագրեցին իրենց մտադրությունը՝ միավորել ջանքերը ՄՈՒԿ մասնակցության խթանման ուղղությամբ և այդ նպատակով ստեղծել և կայացնել ՄՈՒԿ համագործակցության ցանց Հայաստանում։
Հուշագրի հիման վրա ցանցի անդամները համաձայնվել են՝
- Ունենալ ՄՈՒԿ զարգացման միասնական տեսլական և հայեցակարգ ,
- Նպաստել քաղաքական և օրենսդրական բարեփոխումներին,
- Բարձրացնել ՄՈՒԿ կարևորության մասին հասարակական իրազեկվածությունը,
- Զարգացնել ծառայությունների հասանելիությունն ու որակը։
Այս նախաձեռնությունը քայլ է դեպի ինստիտուցիոնալացված և համագործակցային ՄՈՒԿ բնագավառ՝ հանուն մեծահասակների հասանելի, որակյալ և շարունակական կրթության։
Ցանցի անդամ կառույցները նաև համաձայնում են հետևյալ գործողությունների շուրջ․
2025 թ․ ավարտին ընդունել ազգային ցանցի զարգացման ռազմավարության և ընդլայնման մեխանիզմների միասնական մոտեցումը։
2026 թ․ համատեղ ջանքերով իրականացնել իրազեկման և ջատագովության աշխատանքներ։
2027 թ․ մասնակցել ցանցի հետագա ընդլայնման և իրավական կարգավիճակի վերաբերյալ որոշումների կայացմանը (օրինակ՝ ասոցիացիայի հիմնում)։
Հուլիսի 16-ին ցանցին անդամակցող կազմակերպությունների ներկայացուցիչները համատեղ քննարկեցին ցանցի զարգացման հայեցակարգն ու ռազմավարությունը, նախանշեցին ռազմավարության հիմնական նախանիշերը։