Այս տարի լրանում է Հայաստանում և Վրաստանում Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի գրասենյակների գործունեության 20-ամյակը։
Հայաստանում և Վրաստանում Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի գործունեությունն ամփոփելու և արժևորելու նպատակով 2022 թվականի սեպտեմբերի 28-29-ը Թբիլիսիում կայացավ «Մեծահասակների ուսումնառությունը և կրթությունը Հարավային Կովկասում. հիմնական փուլեր» միջազգային համաժողովը: Համաժողովը կազմակերպվել է Դի-Վի-Վի Ինթերնեյշանալ Հայաստանի ու Վրաստանի գրասենյակների համագործակցությամբ՝ Վրաստանի Մեծահասակների կրթության ցանցի հետ համատեղ։ Համաժողովը համախմբել էր մեծահասակների կրթության շուրջ 100 փորձագետների, քաղաքականություն մշակողների և մասնակիցների Հայաստանից, Վրաստանից, Բոսնիա և Հերցեգովինայից, Գերմանիայից, Ղրղզստանից, Մոլդովայից, Տաջիկստանից և Ուկրաինայից։ Համաժողովը վերահաստատեց դիրքորոշումն առ այն, որ մեծահասակների կրթությունը պետք է ճանաչվի որպես հանրային բարիք, և վարչական և ֆինանսական հնարավորությունները պետք է մեծացվեն՝ ապահովելով մեծահասակների շրջանում հմտությունների զարգացման ճկունություն և ազատություն:
Կոնֆերանսի մասնակիցները քննարկեցին և առաջարկություններ ներկայացրեցին Հայաստանում և Վրաստանում մեծահասակների կրթության կայուն համակարգ ստեղծելու և բարեփոխումների խթանման վերաբերյալ՝ հիմնվելով եվրոպական լավագույն փորձի վրա։
Պանելային քննարկումների և ներկայացումները նվիրված էին հետևյալ թեմաներին․ «Բելեմից մինչև Մարաքեշ. ձեռքբերումներ, խոչընդոտներ և հեռանկարներ», «ՄՈՒԿ փաստահենք քաղաքականության մշակում», «ՄԿ կենտրոններ. մեկ նպատակ՝ տարբեր մոտեցումներ», «Որակի ապահովում և հմտացումը ՄՈՒԿ-ում. լավագույն փորձ և քաղված դասեր»:
Կոնֆերանսի շրջանակներում իրականացվել են երկու ստեղծագործական միջոցառումներ․ մեծահասակների կրթությանը նվիրված պաստառների ցուցադրություն և Վրաստանի և Հայաստանի ՄԿ կենտրոնների կողմից ստեղծված ձեռագործ աշխատանքների և ապրանքների ցուցադրություն։ Ի հավելումն, համաժողովի մասնակիցները հնարավորություն ունեցան այցելել Բոլնիսի մեծահասակների կրթության կենտրոն և ծանոթանալ իրականացվող ծրագրերին և գործունեությանը: