Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը շարունակում է նպաստել մեդիագրագետ հասարակության ձևավորմանը և նվազագույնի հասցնել մեդիայի բացասական ազդեցությունները Հայաստանի խոցելի մեծահասակների վրա։ Այս նպատակով մեկնարկել է «Մեդիագրագիտություն հասարակության խոցելի մեծահասակների համար» ծրագրի երկրորդ փուլը։
Ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվեց 2022թ․-ի օգոստոսի 26-ին՝ ծրագրի գործընկեր ՔՀԿ-երի դասընթացավարների համար նախատեսված կարողությունների զարգացման եռօրյա դասընթացով։
Եռօրյա դասընթացի մեկնարկին հետազոտող Արփինե Մաժինյանը ներկայացրեց ծրագրի թիրախ խմբերի շրջանում իրականացված մեդիագրագիտության մակարդակի և ընկալումների վերաբերյալ որակական ուսումնասիրությունը։
Դասընթացում ներառված թեմաները խիստ արդիական ու կարևոր էին և ներկայացվում էին ոլորտի լավագույն մասնագետների կողմից։
Այսպես՝ «Քննադատական մտածողություն, հարցեր տալու և վերլուծելու արվեստ» թեման ներկայացնում էր կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, իսկ մեդիագրագիտության հիմունքների, խոսքի ազատության ու դրա սահմանների, թվայի միջավայրում անձնական տվյալների պաշտպանության մասին՝ մեդիա փորձագետ Լուսինե Գրիգորյանը։ Մեդիա փորձագետ Տիրայր Մուրադյանը մասնակիցներին փոխանցեց գիտելիքներ , թե ինչպես տարբերել, խուսափել և ստուգել ապատեղեկատվությունը և քարոզչությունը, իսկ Հանրային լրագրության ակումբի ծրագրի համակարգող Ալեքսանդր Մարտիրոսյանը ներկայացրեց ուսումնառության գործընթացում մեդիագրագիտության ռեսուրսների նշանակությունը և մասնակիցերին տրամադրեց ծրագրի շրջանակում ստեղծված մեդիագրագիտության վերաբերյալ խաչբառները, խաղերը և ֆիլմը։
Դասընթացի վերջին օրը մասնակիցները մշակեցին իրենց կողմից իրականացվելիք դասընթացի նախնական պլանը, որը կլրամշակվի դասընթացի հաջորդող մենթորական աջակցություն ընթացքում, որից հետո գործընկեր տասը ՔՀԿ-ները կիրականացնեն մեդիագրագիտության դասընթացներ իրենց համայնքների թիրախային խմբերի համար։
«Մեդիագրագիտություն հասարակության խոցելի մեծահասակների համար 2․0» ծրագիրն իրականացվում է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի և Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարություն աջակցությամբ։