Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի և ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի արդյունավետ համագործակցության արդյունքում հաջողությամբ ավարտվեց «Մեծահասակների ուսումնառության և կրթության հիմունքներ․ դասավանդման մեթոդաբանություն» դասընթացի հերթական՝ յոթերորդ շրջափուլը։
Այս տարի ծրագրին դիմած 47 մասնակիցներից 24-ը հաղթահարեցին ծրագրի նախավորակավորման թեստը և ներգրավվեցին դասընթացին՝ հաջողությամբ ավարտելով թե՛ առցանց, թե լսարանային փուլերը։ Յոթերորդ շրջափուլում հիմնակնաում ներգրավված էին Երևանի պետական համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասավանդողներ, որոնք էլ համալրեցին «ուսուցանողների ընտանիքը»։
12-շաբաթյա այս հիբրիդային ծրագիրը հիմնված է UNESCO-ի կողմից ճանաչված Curriculum GlobALE միջազգային չափորոշչի վրա, որը մշակվել է որպես մեծահասակների կրթության ոլորտում դասավանդողների մասնագիտական կարողությունների զարգացման մոդուլ։
Ծրագիրը ներառում է ինքնուսուցման, առցանց ուսուցման և դեմ առ դեմ փուլեր։ Դասընթացի վերջին շաբաթն անցկացվեց դեմ առ դեմ ձևաչափով, ինչը մասնակիցներին հնարավորություն տվեց ամրապնդել ստացած գիտելիքները, փորձի միջոցով ավելի խորությամբ հասկանալ մեծահասակների ուսումնառության առանձնահատկությունները և վերածել տեսական գիտելիքը գործնական հմտությունների։
Ողջ ծրագրի ընթացքում մասնասնակիցները նաև մշակում էին ոչ-ֆորմալ կրթական իրենց ծրագրերը, որոնց ներկայացումն ու պաշտպանությունը կայացավ վերջին օրը։ Հաջող պաշտպանության արդյունքում բոլոր մասնակիցները ստացան դասընթացը «հաջողությամբ ավարտելու» հավաստագրեր։
Ծրագրի ավարտին իրականացվել է ռեֆլեքսիա և առցանց անանուն հարցում։ Մասնակիցները նշեցին, որ դասընթացը խթանեց իրենց դասավանդման մոտեցումների վերանայումը և հարստացրեց մեթոդական գործիքակազմը։
Մասնակիցներին հավաստագրերը շնորհեցին Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանը և ԵՊՀ Զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը։