2024 թ․ հուլիսի 10-ին Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի և Ապարանի համայնքապետարանի միջև մեծ հանդիսությամբ կնքվեց հուշագիր՝ 2025 թվականից Արագածոտնի մարզի Ապարան համայնքում ԿրթաԲ․Ա․Ց․ Ապարան մեծահասակների ուսումնառության և կրթության կենտրոն ստեղծելու վերաբերյալ։
Միջոցառումը սկսվեց Ապարան համայնքի ղեկավարի տեղակալ Հրայր Մկրտչյանի բացման խոսքերով, որից հետո ելույթներով հանդես եկան նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Պելցը, Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի Հարավարևելյան Եվրոպայի, Կովկասի և Թուրքիայի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Լիխտենբերգը, «Ապարան համայնքի սոցիալական կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Հովհաննիսյանը և Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանը։
Միջոցառման մաս էր կազմում գործող ՄՈՒԿ կենտրոնների ցանցի փառատոնը։
«Խաչմերուկ կրթական-խորհրդատվական կենտրոն հիմնադրամը», «Սիսիանի Մեծահասակների կրթության կենտրոնը», «Դիլիջանի համայնքային կենտրոնը», «Մարտունու «Կրթապնակ» մեծահասակների կրթության կենտրոնը» իրենց տաղավարներում ներկայացրեցին իրենց գործունեությունը և անցկացրեցին վարպետաց դասեր։ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի գործընկեր Հանրային Լրագրության Ակումբի աշխատակիցները ներկայացրեցին իրենց կողմից ստեղծված «Իրավունք» և «Մեդիագիտակ» սեղանի խաղերը։ Զուգահեռ ընթացող միջոցառումներից էին նաև Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի ծրագրային ֆիլմի ցուցադրությունը, առաջիկա դասընթացներին գրանցում և համայնքի ակնկալիքների արձանագրումը, լուսանկարչի տաղավարը՝ կրթական բովանդակությամբ, խաչբառ-մրցույթը , ինչպես նաևկրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի ելույթը մեծահասակների ուսումնառության և կրթության կարևորության վերաբերյալ։
Միջոցառումը եզրափակվեց օրվա ամփոփմամբ և գործընկեր կառույցների՝ Ապարանի արվեստի դպրոցի, Դիլիջանի համայնքային կենտրոնի «Հայկյան» ազգային պարի խմբի և Սևան երիտասարդական ակումբ ՀԿ-ի երաժշտական կատարումներով, որոնք ստեղծեցին տոնական մթնոլորտ։
Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը 2023 թ․ սեպտեմբեր ամսին հայտարարել էր մրցույթ՝ ևս մեկ՝ 5-րդ կենտրոն ստեղծելու նպատակով։ Թիրախ համայնքներ էին ընտրվել Հայաստանի 7 խոշորացված համայնքներ, այդ թվում՝ Ապարան, Սպիտակ, Թալին, Եղեգնաձոր, Վայք, Հրազդան, Ստեփանավան։
Մրցույթում հաղթող է ճանաչվել Ապարանի համայնքապետարանի ներկայացրած առաջարկը։ ԿրթաԲ․Ա․Ց․ Ապարան մեծահասակների կրթության կենտրոնը պաշտոնապես գործելու է 2025 թվականից՝ «Ապարան համայնքի սոցիալական կենտրոն» ՀՈԱԿ-ի ներքո։