«Մեծահասակների կրթությունը՝ ի նպաստ Կայուն զարգացման նպատակների» արշավը եզրափակվեց նոյեմբերի 27-ին Սևանի բիզնես կենտրոնում տեղի ունեցած «ԿԶՆ ԿԱՆԳ ԱՌ Սևանում» երիտասարդական ֆորումով։
Ֆորումին մասնակցում էին 8 երիտասարդական խմբեր ՀՀ տարբեր մարզերից՝ ներկայացնելով ՀԿ-եր, համալսարաններ և գյուղական համայնքներ: Մասնակից երիտասարդները մեկ օրվա ընթացքում ուսումնասիրեցին ՄԱԿ ԿԶՆ-ները տարբեր դիտանկյուններից և մշակեցին ծրագրեր՝ ուղղված կայուն զարգացման նպատակների իրագործմանը։
Գաղափարների մրցույթի գլխավոր մրցանակը շնորհվեց Ծովագյուղի երիտասարդական խմբին, որի ծրագիրն ուղղված էր ԿԶՆ 4-ին՝ «Որակյալ կրթությանը»՝ համայնքում մշակույթի տան վերականգնման և վերագործարկման միջոցով։
«Ամենաստեղծարար գաղափար» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ երիտասարդական թիմը, որի գաղափարն ուղղված էր ԿԶՆ 13-ին՝ Կլիմայի փոփոխության դիմակայմանը՝ թափոնների վերամշակման միջոցով։
«Մասնակիցների համակրանք»-ը բաժին հասավ «Սևան» երիտասարդական ակումբի թիմին, որի ծրագիրն ուղղված էր ԿԶՆ 7-ին և նպատակն էր մատչելի և մաքուր էներգիայի միջոցով համայնքային՝ առավելապես մշակույթային տարածքների և կոթողների լուսավորումը։
Հաղթող թիմերը ստացան մրցանակներ, իսկ մյուս խմբերը՝ խրախուսական նվերներ, քանի որ բոլոր գաղափարներն էլ մրցունակ էին։