Ս/թ մարտի 22-ին տեղի ունեցավ «Մարաքեշ 2022 – Երևան 2023 /2024․ ՄՈՒԿ գլոբալ և լոկալ միտումներ» խորագրով համաժողովը, որի ընթացքում ամփոփվեցին 2023 թվականին մեկնարկած հետազոտությունների արդյունքները։
«Մարաքեշ 2022 – Երևան 2023 / 2024․ ՄՈՒԿ գլոբալ և լոկալ միտումներ» նախագծի հիմնական խնդիրն էր դասխոսների, ուսանողների և լայն հանրության շրջանում «Մարաքեշի գործողությունների շրջանակի» հանրահռչակումը: Այդ նպատակով նախաձեռնության շրջանակներում 2023թ․ ԵՊՀ 10 ֆակուլտետների դասախոսներից և ուսանողներից բաց մրցույթով ընտրված 5 հետազոտական խումբ ուսումնասիրել են «Մարաքեշի գործողությունների շրջանակում» ներառված թեմատիկ այնպիսի խնդիրներ, որոնք կարևոր նշանակություն ունեն ՀՀ-ում մեծահասակների ուսումնառության և կրթության զարգացումների տեսանկյունից։
Համաժողովի ընթացքում բոլոր 5 թիմերը ներկայացրեցին իրենց հետազոտությունները, իրականացվեցին պանելային քննարկումներ «Մեծահասակների ուսումնառության և կրթության (ՄՈՒԿ) գլոբալ և լոկալ միտումներ» և «ՄՈՒԿ այլընտրանքային հարթակներ» թեմաներով, ինչպես նաև ներկայացվեց ՄՈՒԿ բնագավառի եզրաբանության ուսումնասիրության արդյունքները։
Միջոցառումն ավարտվեց մրցանակների հանձնման արարողությամբ։ Հետաքրքիր բովանդակության, կրեատիվ ներկայացման և օգտակարության տեսանկյունից ժյուրիի գլխավոր մրցանակին արժանացավ «Քաղաքացիական գիտելիքը և մասնակցությունը ԵՊՀ ուսանողների շրջանում» հետազոտությունն իրականացրած թիմը (թիմի ղեկավար՝ Սերոբ Խաչատրյան, թիմի անդամներ՝ Լիդա Խաչատրյան, Անի Ազիզյան)՝ ստանալով ժյուրիի գնահատմամբ ամենաբարձր միավորը։ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում մրցանակը ստացավ «ՀՀ-ում մեծահասակների կրթության վերաբերյալ հոգեբանական դիրքորոշումները և սոցիալական ընկալումները» թեմայով հետազոտություն իրականացրած թիմը (թիմի ղեկավար՝ Դիանա Սարգսյան, թիմի անդամներ՝ Արևհատ Բադալյան, Անահիտ Ամիրջանյան, Զարուհի Նազարյան)՝ որպես մասնակիցների կողմից ամենաշատ քվե ստացած աշխատանք:
Համաժողովն իրականացվում էր Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի և Երևանի պետական համալսարանի կողմից՝ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսական աջակցությամբ։