2018թ. հունիսի 13-15-ին Լոռու մարզում՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (ՔՈԱՖ) նորաբաց ՍՄԱՐԹ կենտրոնում, Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ՝ Թանգարանային կրթության կենտրոնի տարեկան ծրագրի շրջանակներում անցկացվեց «Թանգարան-համայնք․ այցելությունից մասնակցություն» խորագրով դասընթաց։ Դասընթացի նպատակն էր քննարկել Հայաստանի մարզային թանգարաններում և պատկերասրահներում համայնքի ներգրավվածության մոդելները և հնարավորությունները: Դասընթացի համար Հայաստան հրավիրված Ռոնան Բրինդլին (Մանչեսթերի պատկերասրահի (Մեծ Բրիտանիա) կրթության և ներգրավման բաժնի պատասխանատու, Բրիտանական թանգարանի Միջազգային վերապատրաստման ծրագրի փորձագետ) Հայաստանի տարբեր մարզերի թանգարանների շուրջ քառասուն մասնակիցների հետ կիսվեց իր թանգարան-համայնք համագործակցության փորձով, իսկ մասնակիցների քննարկումների և ներկայացումների միջոցով կիսվեցին իրենց գաղափարներով, նպատակներով և մտավախություններով: Վերջում անցկացված գաղափարների լաբորատորիայի ձևաչափը հնարավորություն տվեց համայնքային համագործակցության նոր հայեցակարգեր մշակել: