CG-ի չափորոշչի վրա հիմնված «Մեծահասակների ուսումնառության և կրթության հիմունքներ․ դասավանդման մեթոդաբանություն» դասընթացը 2022թ-ին 2 կարևոր ուղղություններով է ընթանում։ Նախ մայիս-հունիս ամիսներին կազմակերպվեց «Թվային ուսուցումը մեծահասակների կրթությունում» մոդուլը, որը հանդիսանում է ընդհանուր դասընթացի լրացուցիչ մոդուլներից մեկը։ Այն պիլոտային ծրագիր էր, որն անցկացվում էր առաջին անգամ և մասնակցության հնարավորություն էր ընձեռված 2018, 2019 և 2021թթ-ի դասընթացի մասնակիցներին։ Դասընթացին ներգրավվել էին մոտ 20 մասնակից, իսկ նրանցից 10-ը ներկայացրին ավարտական պորտֆոլիո, որը կազմված էր թվային գործիքներով ներկայացված կրթական նյութերից և հաջողությամբ ավարտեցին մոդուլը։ Դասընթացը մշակել և վարում էր Ալյոնա Լուգավցովան։
Հաջորդը, հունիսի 30-ին կայացավ «ՄՈՒԿ հիմունքներ․ դասավանդման մեթոդաբանություն» դասընթացի մեկնարկային հանդիպումը՝ նոր խմբի համար։ Այս տարի դասընթացը նախատեսված է բուհերում դասավանդող դասախոսների, ասպիրանտների և հայցորդների համար, որոնք հետաքրքրված են ուսուցման նոր մեթոդներով ու մոտեցումներով։ Մասնակցության հայտ է ներկայացրել մոտ 30 մասնակից՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանից, Երևանի պետական համալսարանից, Բրյուսովի պետական համալսարանից և այլ բուհերից։ Այս տարի դասընթացավարների թիմը կազմված է նախորդ տարիներին ծրագրին մասնակցած դասընթացավարներից, իսկ խմբային քոուչինգն իրականացնում են Ալյոնա Լուգավցովան և Սերգեյ Լաբոդան։
Ծրագրի հաջող ավարտից հետո նախատեսվում է դասընթացը փոխանցել շահագրգիռ բուհին/երին։