«Մեծահասակների կրթությունը ի նպաստ կայուն զարգացման նպատակների» արշավ

2021թ․ մայիս – հոկտեմբեր ամիսներին Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը իրականացնում է «Մեծահասակների կրթությունը ի նպաստ Կայուն զարգացման նպատակների» արշավը։ 

Արշավի նպատակն է բարձրացնել  Հայաստանում ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների մասին իրազեկվածության մակարդակը երիտասարդների և մեծահասակների շրջանում, ինչպես նաև վեր հանել Հայաստանում կայուն զարգացման նպատակների իրագործման այն խնդիրները, որոնց կարող է նպաստել մեծահասակների կրթությունը։

Այդ նպատակների իրագործման համար 2021թ․ հունիս – հոկտեմբեր ամիսների ընթացքում կիրականացվեն մի շարք միջոցառումներ և նախաձեռնություններ․

  • Երեք ֆորումներ
  • Հետազոտական նախագծերի իրականացում անհատ հետազոտողների կողմից
  • Համայնքային նախագծերի դրամաշնորհ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի մարզային ՄԿ կենտրոնների համար։

Երեք ֆորումները փոխկապակցված են և փոխլրացնող։ Հունիսի 30-ին Երևանում կայացած առաջին ֆորումով մեկնարկեց արշավը։ Ֆորումն իրականացվում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ: Ֆորումին ներկա էին  ավելի քան 50 մասնակիցներ, այդ թվում ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, անհատ հետազոտողներ, փորձագետներ, Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի մարզային ՄԿ կենտրոնների ներկայացուցիչներ, ՀՀ Կայուն զարգացման նպատակների նորարարական կենտրոնի ներկայացուցիչներ։

Առաջին ֆորումից հետո հայտարարվել են երկու մրցույթ՝ անհատ հետազոտողների և Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան մարզային ՄԿ կենտրոնների համար։ Հուլիսի 13-ին ամփոփվել են հետազոտական նախագծերի մրցույթի արդյունքները և ընտրվել են հաղթողները, որոնք կստանան ֆինանսավորում իրենց նախագծերն իրականացնելու համար։

Արշավը կամփոփվի հոկտեմբերին 2021թ․ Երիտասարդական մայրաքաղաք Կապան քաղաքում անցկացվելիք ֆորումով, որի ժամանակ կհանրայնացվեն հետազոտական աշխատանքների արդյունքները։