2024թ․հուլիսի 31-ին Լոֆթ Երևանում տեղի ունեցավ «Պատմության մրցույթներ 4.0։ Պատմության քննադատական դասավանդման գործիքակազմ» ծրագրի արդյունքների ամփոփումը և մրցանակաբաշխությունը։ Միջոցառման մասնակիցներին ողջունեցին Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանը, «Հազարաշեն ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ, ծրագրի փորձագետ Լուսինե Խառատյանը և EUSTORY ցանցի գործադիր տնօրեն Կատյա Ֆաուսերը։
Շուրջ 4 ամիս տևած հետազոտական նախագծերից հետո ծրագրի մասնակից աշակերտական թիմերի կողմից պատմության մրցույթին ներկայացվել էր 39 աշխատանք, այդ թվում՝ խմբային և անհատական, որոնցից 11-ը, մասնագիտական ժյուրիի գնահատման արդյունքում, զբաղեցրեցին մրցանակային տեղեր, որոնցից 3-ը գլխավոր մրցանակ․
- ԽՍՀՄ դպրոցական համազգեստը որպես Խորհրդային գաղափարախոսության պրոպագանդայի գործիք
Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցի թիմ, ուսուցիչ՝ Կիմա Շահբազյան, աշակերտներ՝ Հարությունյան Հարություն, Ենոքյան Էլիզա, Ենոքյան Լուիզա, Հովակիմյան Արման, Կարապետյան Մարիամ, Ղազարյան Վարդուհի, Վերդյան Ժաննա, Սարգսյան Մարիա, Խատայան Կարինե։
- Ժամանակակից հայաստանցու կենցաղում պահպանված խաղալիքները որպես խորհրդային պրոպագանդային գործիք
Դիլիջանի Վ․ Անանյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցի թիմ, ուսուցիչ՝ Լիլիթ Հարությունյան, աշակերտներ՝ Մենեջյան Էլեն, Թաթարյանց Միլենա, Զաքարյան Նելլի, Հարությունյան Աշխեն, Ղուկասյան Անահիտ, Դավթյան Միլենա, Եսայան Մանե, Հարությունյան Մարիամ
- Խորհրդային պրոպագանդան պարգևատրումների միջոցով 1970 – 1980-ական թթ․ Ազատան գյուղում
Ազատանի միջնակարգ դպրոցի թիմ, ուսուցիչ՝ Սիրանուշ Տոնոյան, աշակերտներ՝ Գասպարյան Սուզի, Մկրտչյան Աստղիկ, Գրիգորյան Սուսաննա, Խաչատրյան Ռուզաննա, Առաքելյան Մարինե, Գյոլչանյան Սուսաննա
Մրցանակաբաշխության արարողությանը զուգընթաց տեղի ունեցավ նաև ներկայացված աշխատանքների այլընտրանքային ցուցահանդես։ Մրցութային աշխատանք ներկայացրած թիմերը նախապես ուղարկել էին իրենց կողմից բանավոր պատմության մեթոդաբանությամբ իրականացված հարցազրույցներից ամենատպավորիչ հատվածները և/կամ իրենց փորձառությունը ծրագրի շրջանակում՝ կցելով լուսանկար, որոնք տեղադրվել էին յուրաքանչյուր թիմի համար պատրաստված առանձին տուփի մեջ։ Միջոցառման ընթացքում թիմերին մրցանակներ հանձնելիս բացվեցին համապատասխան տուփերը, ընթերցվեցին ամենատպավորիչ հատվածները, որից հետո միայն տվյալ թիմը ստացավ իր մրցանակը։
Միջոցառման երկրորդ հատվածում մրցանակային տեղեր չզբաղեցրած թիմերի տուփերը ևս բացվեցին և ընթերցվեցին մասնակիցների կողմից։
Բոլոր պատմությունները փակցվեցին հատուկ պատրաստված «Ամփոփապատի» վրա՝ միավորելով և լսելի դարձնելով բոլորի ձայները։
Մրցանակային տեղեր զբաղեցրած աշխատանքների հեղինակ ուսուցիչները, ծրագրի մասնակից մյուս երկրների (Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) Պատմության մրցույթներում հաղթող ճանաչված ուսուցիչների հետ, հնարավորություն ունեցան մասնակցելու ս/թ հոկտեմբերի 17-20 Բուդվա քաղաքում (Մոնտենեգրո) կայացած «Ուսուցիչների ակադեմիային», իսկ աշակերտները հոկտեմբերի 23-27-ը մասնակցեցին Ռիգայում (Լատվիա) կայանալիք «Պատմության ճամբարին», որը կազմակերպվել էր EUSTORY համաեվրոպական ամենաամյա երիտասարդական համաժողովին զուգընթաց։