Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը և ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնը համատեղ իրականացնում են ծրագիր, որի ընթացքում ԵՊՀ դասախոսների ղեկավարությամբ ուսանողական խմբերը կատարելու են հետազոտություններ մեծահասակների ուսումնառության և կրթության տարբեր հարցերի վերաբերյալ, որոնց արդյունքները այնուհետև կհրապարակայնացվեն տարբեր ձևաչափերով։
Ս/թ մայիսի 24-ին Երևանի Պետական Համալսարանում տեղի ունեցավ առաջին տեղեկատվական հանդիպումը՝ ընտրված հետազոտական խմբերի հետ։ Հանդիպման ընթացքում Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Լիխտենբերգը, հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանը և ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանը ներկայացրեցին մեծահասակների ուսումնառության ու կրթության հայեցակարգը, կազմակերպության հիմնադրման պատմությունը, ծրագրերը, գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև գործողությունների Մարաքեշի շրջանակը։ Ընտրված 5 թիմերը ներկայացրեցին իրենց հետազոտական թեմաները և դրանց ընդհանուր բնութագիրը։
Հունիսի 1-ից կմեկնարկեն հետազոտական աշխատանքները և արդյունքները կներկայացվեն «Մարաքեշ 2022 – Երևան 2023 Մեծահասակների ուսումնառության և կրթության (ՄՈՒԿ) գլոբալ և լոկալ միտումները» համաժողովի ընթացքում, ինչպես նաև կներառվեն համանուն ժողովածույում: