Մայիսի 22-26-ը աշխատանքային այցով Հայաստանում էր Դի-Վի-Վի ինթերնեյշնալի Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Լիխտենբերգը։ Այցի նպատակն էր մոտիկից ծանոթանալ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի կողմից Հայաստանում ֆինանսավորվող մեծահասակների կրթության կենտրոնների գործունեությանը, ինչպես նաև դրանց մասին իրազեկել Հայաստանում գործող գերմանական կառույցներին։
Հայաստանում գերմանական դեսպանության, ինչպես նաև ՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Ֆրիդրիխ Նաուման և Sparkassenstiftung միջազգային համագործակցության հիմնադրամների ներկայացուցիչների հետ միասին Թոմաս Լիխտենբերգը այցելեց Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի կողմից Հայաստանում ֆինանսավորվող մեծահասակների կրթության կենտրոններ։ Շրջագայության մեջ ներառված էին Դիլիջանի համայնքային կենտրոնը, Կրթապնակ Մարտունու կանանց համայնքային կենտրոնը, Գյումրու Մեծահասակների կրթություն "Խաչմերուկ" հիմնադրամը և Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնը։ Վերջին երկու կենտրոններ այցելեցին նաև գերմանական գործընկերները՝ ծանոթանալով նրանց աշխատանքներին և քննարկելով հետագա համագործակցության հնարավորություններ։