2021-2022թթ․ Հայաստանը միացել է «Պատմության մրցույթներ 3.0» նախագծին և կանցկացնի առաջին մրցույթը պատմությունից երիտասարդների շրջանում։
Ծրագրի մասնակից բոլոր 5 երկրների համար այս փուլի ընդհանրական թեման է «Մերժման և կարոտաբաղձության միջև․ Խորհրդային և հետխորհրդային շրջանի պատմությունը ընտանիքներում և տեղական համայնքներում»՝ ի նշանավորումն ԽՍՀՄ փլուզման 30-ամյակի, իսկ Հայաստանի ազգային թեման է՝ «Մոռանալու և հիշելու միջև. խորհրդային և հետխորհրդային հիշողության լանդշաֆտը համայնքներում և ընտանիքներում»։ Այն շոշափելու է խորհրդային նյութական ժառանգության վերաբերյալ թեմաներ՝ ներառյալ շենքեր, հուշարձաններ և հուշահամալիրներ, որոնք առկա են Հայաստանի գրեթե բոլոր համայնքներում: Դրանք կարող են դառնալ ուսուցման և ուսանելու գործնական միջավայր:
Նախագիծը նպատակ ունի անդրադառնալ մոռացված վայրերին և պատմություններին, որոնք ժամանակին կարևոր դերակատարություն են ունեցել մարդկանց կյանքում: Ծրագրի մասնակիցները կուսումնասիրեն հուշարձաններ ու հուշատեղիներ, ինչպես նաև հիշողություններ ու պատմություններ, որոնք հյուսված են իրենց համայնքներում, գյուղերում, քաղաքներում՝ կիրառելով բանավոր պատմության և տեղական պատմության հետազոտության մեթոդներ:
«Պատմության մրցույթներ Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում 3․0» ծրագիրն իրականացվում է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի՝ Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի գրասենյակների կողմից Գերմանիայի Քյորբեր հիմնադրամի հետ համատեղ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։
Հայաստանում նախագիծն իրականացվում է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի և Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն «Հազարաշեն» ՀԿ կողմից։ Նախագծի գլխավոր աջակիցն է ԵՊՀ ռեկտորի ժ/պ Հովհաննես Հովհաննիսյանը։