Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ հունիսի 14-ին կայացավ մեծահասակների կրթության կենտրոնների ցանցային հանդիպումը: Հանդիպման առաջին հատվածում քննարկվեցին մեծահասակների կրթության կենտրոնների ընթացիկ ծրագրերը, գործունեությունը, հետագա աշխատանքները։ Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ մեծահասակների կրթության ցանցի համալրում։ Ցանցին միանալու փոխըմբռնման հուշագիրը ստորագրեց «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ի ղեկավար Անահիտ Թովմասյանը։
Միջոցառման հաջորդ կարևոր դրվագն այն էր, որ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի 20-ամյակի կապակցությամբ՝ «ԿրթաԲԱՑ» արշավի շրջանակում հայտարարվեց «Ոչ ֆորմալ լրացուցիչ և շարունակական կրթության (մեծահասակների կրթության) լավագույն մատակարար (կառույց)» մրցույթը, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ հետ համատեղ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հանդիպման երկրորդ հատվածում կազմակերպված էր Մեծահասակների ուսումնառության և կրթության հրավիրյալ կառույցների առաջարկությունների տոնավաճառ։ Տարբեր ոլորտների 9 կառույցների ներկայացուցիչներ տանավաճառի ընթացքում ներկայացնում էին իրենց կողմից առաջարկվող կրթական ծրագրերը, իսկ ՄԿԿ-ները փորձում էին համագործակցություններ հաստատել, գտնել իրենց համար նոր և հետաքրքիր կրթական ծրագրեր, որոնք հնարավոր կլինի տեղայնացնել իրենց կենտրոններում։