Սեպտեմբերի 16-17-ին Մոլդովայի Հանրապետության մայրաքաղաք Քիշնևում կայացավ «Մեծահասակների ուսումնառությունը և կրթությունը (ՄՈՒԿ) որպես տեղական իշխանությունների պատասխանատվություն» խորագրով տարածաշրջանային համաժողով։ Այն համախմբել էր շուրջ 50 մասնակիցների Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Բոսնիա և Հերցեգովինայից, ինչպես նաև եվրոպական և միջազգային կազմակերպությունների փորձագետների։ Հայաստանից միջոցառմանը մասնակցում էին 5 ներկայացաուցիչներ Ստեփանավանի համայնքապետարանից, Ապարանի և Ստեփանավանի ԿրթաԲԱՑ կենտրոններից, Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի Հայաստանյան գրասենյակից։
Համաժողովի շրջանակներում միջոցառման առաջին օրը անցկացվեցին լիագումար նիստեր՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ։ Դրան հաջորդեցին միջազգային և տարածաշրջանային լավագույն փորձի ներկայացումներ, ապա պանելային քննարկում՝ ներկայացված առաջարկությունների քննադատական վերլուծության համար։
Երկրորդ օրը համաժողովի մասնակիցներին հյուրընկալեց Քիշնևի քաղաքապետարանը` կազմակերպելով այցելություն Քիշնևի քաղաքային ՄՈՒԿ կենտրոն, որտեղ մասնակիցները շրջայց կատարենցին կենտրոնի տարածքում, ինչպես նաև ներկայացրեցին Քիշնևի քաղաքի մոտեցումը ցկյանս ուսումնառության խթանման ուղղությամբ։ Մոլդովայի մայրաքաղաքը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ուսումնական քաղաքների համաշխարհային ցանց» կազմակերպության անդամ է, լավ օրինակ է, թե ինչպես սահմանափակ ռեսուրսներ ունեցող քաղաքը կարող է մշակել քաղաքում ոչ ֆորմալ կրթության խթանման հաջող մոտեցում։
Այս տարի Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի Մոլդովայի գրասենյակը նշում է իր գործունեության 15-ամյակը, ինչի առիթով համաժողովի ծրագրին զուգահեռ կազմակերպվել էր տոնական միջոցառում՝ գործընկերների հետ միասին նշելու այս տարիների ձեռքբերումները։
Համաժողովն իրականացվում էր Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի կողմից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ցկյանս ուսումնառության ինստիտուտի (UIL) և Քիշնևի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։