Նոյեմբերի 28-ին Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպվել էր աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին GRALE-ի՝ Մեծահասակների ուսումնառության և կրթության գլոբալ զեկույցի հարցաշարի խնդրահարույց դրույթները։
2009 թ.-ից սկսած ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրապարակում է Մեծահասակների ուսումնառության և կրթության գլոբալ զեկույցներ (GRALE), որոնք կազմվում են անդամ երկրների կրթության նախարարությունների կողմից ներկայացված ազգային զեկույցների հիման վրա։ Այդ զեկույցները կարևոր գործիք են մեծահասակների կրթության ոլորտում գլոբալ միտումների, մարտահրավերների և ձեռքբերումների վերլուծության, ինչպես նաև քաղաքականությունների բարելավման համար։
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍՆ Լրացուցիչ և շարունակական կրթության բաժնի պետ Կարինե Դադյանը, ՄԿՈՒԶԱԿ տնօրենի տեղակալ Աշոտ Սահրադյանը, ԴԻ-Վի-Վի Ինթերնեյշնալի կողմից ֆինանսավորվող ՄՈՒԿ կենտրոնների ներկայացուցիչները, կրթության ոլորտի փորձագետներ, ինչպես նաև շահակիր կառույցների ներկայացուցիչներ։ Հանդիպման նպատակն էր ապահովել Հայաստանի մեծահասկաների ուսումնառության և կրթության վերաբերյալ տվյալների, մարտահարավերների ու ձեռքբերումների մասնակցային քննարկում, որի արդյունքում զեկույցում կներառվեն հնարավորինս ամբողջական և հիմնավորված տվյալներ։
Օրվա երկրորդ մասում կայացավ Մեծահասակների ուսումնառության և կրթության (ՄՈՒԿ) ցանցի հերթական հանդիպումը, որի նպատակն էր քննարկել այն հարցերը, որոնց շուրջ պետք է համաձայնություններ ձեռք բերվեին՝ ցանցի հայեցակարգային փաստաթուղթը վերջնականացնելու համար։
Հանդիպման ընթացքում ցանցի անդամները քննարկեցին մի շարք առանցքային թեմաներ, մասնավորապես՝ անդրադարձ կատարվեց ցանցի ընդլայնման հնարավորություններին և համակարգման մեխանիզմներին, ցանցի արդյունավետ հաղորդակցությանը, տեղեկատվության փոխանակմանը և անդամների ակտիվ մասնակցությունը։ Քննարկման առանձին հարցեր էին նաև համակարգող խորհրդի ձևավորումն ու առանցքային գործառույթները, գործունեության ժամկետները, ցանցի հետագա կազմակերպաիրավական կարգավիճակի որոշումն ու գրանցումը։
Հանդիպմանը մասնակցում էին ՄՈՒԿ ցանցի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև հրավիրված փորձագետ Արփինե Մաժինյանը։ Վերջինիս ներկայացրեց ցանցի լրամշակված հայեցակարգային փաստաթուղթը, որը քննարկման արդյունքում վերջնական տեսք կստանա։
Մասնակիցների առաջարկներն ու արձանագրումները հիմք կհանդիսանան ՄՈՒԿ ցանցի հետագա աշխատանքների համար։ Դրանք կարտացոլվեն ցանցի գործունեության մեջ՝ նպաստելով մեծահասակների ուսումնառության և կրթության ոլորտում համագործակցության ամրապնդմանը և միասնական գործողությունների արդյունավետ իրականացմանը։