2026 թ փետրվարի 2-ից 13-ը Գերմանիցայի Վյուրզբուրգ քաղաքի համալսարանում անցկացվող «Մեծահասակների կրթության ակադեմիա 2026»–ին մասնակցում է նաև Հայաստանի ներկայացուցիչ Արփինե Մաժինյանը։
Փետրվարի 10-ին Հայաստանի մասնակիցը ներկայացրել է իր թեմատիկ համեմատական վերլուծական աշխատանքը՝ Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Սովորող քաղաքների» վերաբերյալ։ Հետազոտություններն իրականացվել են ԵՊՀ-ի երկու հետազոտական խմբերի կողմից 2025 թ․, իսկ Ա․ Մաժինյանը կատարել դրանց մեթոդաբանությունների և արդյունքների համեմատական վերլուծություն, որը և ներկայացրել է ակադեմիայի մասնակիցներին։
«Մեծահասակների կրթության ակադեմիա 2026»-ը ինտենսիվ համակցված ուսուցման (blended-learning) ծրագիր է՝ մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների, ինչպես նաև մեծահասակների և շարունակական կրթության ոլորտի մասնագետների համար։ Այն ներառում է առցանց նախապատրաստական փուլ և երկշաբաթյա ինտենսիվ ծրագիր, որն իրականացվել է Վյուրցբուրգում։
Սկսած 2014թ․-ից, մեկնարկից ի վեր՝ Ակադեմիան խթանել է մեծահասակների կրթության և ցկյանս ուսումնառության ոլորտում միջազգային համագործակցության ցանցերի ձևավորումը՝ ամրապնդելով ակադեմիական ուսուցման և մասնագիտական փորձառության միջև կապը։ Նախապատրաստական փուլի և երկշաբաթյա ինտենսիվ ծրագրի ընթացքում մասնակիցները զարգացրել և խորացրել են իրենց վերլուծական հմտությունները միջազգային կրթական միջավայրում։ Նրանք ձեռք են բերել առավել խոր ընկալում ցկյանս ուսումնառության համատեքստում միջազգային կրթական քաղաքականությունների վերաբերյալ՝ միաժամանակ ամրապնդելով հաղորդակցման, թիմային աշխատանքի և քննադատական մտածողության իրենց կարողությունները։
Ծրագիրը ներառում էր թեմատիկ աշխատանք մեծահասակների կրթության և ցկյանս ուսումնառության միջազգային ռազմավարությունների շուրջ, կարևոր տեսական մոտեցումների ուսումնասիրություն, խմբային համեմատական համագործակցային աշխատանք, ինչպես նաև այցելություններ մեծահասակների կրթության կազմակերպություններ։