Մեծահասակների ուսումնառության և կրթության (ՄՈՒԿ) ոչ ֆորմալ ցանցը ուրախ է հայտարարել բաց կանչ՝ նոր անդամ կազմակերպությունների / կառույցների ներգրավման նպատակով։
Ցանցի ընդլայնման նպատակն է՝
- ՄՈՒԿ ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների / կառույցների միջև համագործակցության ընդլայնումն ու խորացումը,
- Ցանցի ՄՈՒԿ ջատագովության և իրազեկման կարողությունների ուժեղացումը և այդ ուղղությամբ ջանքերի համատեղումը։
1․ ՄՈՒԿ ոչ ֆորմալ ցանցի մասին
ՄՈՒԿ ոչ ֆորմալ ցանցը համախմբում է հայաստանյան կազմակերպություններ/ կառույցներ, որոնք իրականացնում են մեծահասակների ուսումնառության և կրթության որակյալ, ներառական և ազդեցություն ունեցող ծրագրեր և/կամ իրականացնում են ՄՈՒԿ ջատագովություն և/կամ ՄՈՒԿ հետազոտություններ, ուսումնասիրություններ։ Ցանցի նպատակն է խթանել ՄՈՒԿ մասնակցությունը՝ նպաստելով մեծահասակների ոչ ֆորմալ ուսումնառության օրենսդրական հիմքերի ստեղծմանը, ՄՈՒԿ մասին իրազեկվածության բարձրացմանը և որակի ապահովմանը (ավելի մանրամասն՝ տես բաժին 8)։
2․ Ովքեր կարող են դիմել
Ցանցին անդամակցության համար կարող են դիմել՝
- հասարակական կազմակերպություններ
- հիմնադրամներ
- ուսումնական և կրթական կենտրոններ, կրթահամալիրներ
- երիտասարդական կենտրոններ
- բարձրագույն ուսումնական հաստատություններ
- մասնավոր ընկերություններ
- այլ հասարակական և մասնավոր կառույցներ
որոնք իրականացնում են ՄՈՒԿ ոչ ֆորմալ կրթական ծրագրեր իրենց մեծահասակ շահառուների[1] համար, և/կամ իրականացնում են ՄՈՒԿ ջատագովություն և/կամ ՄՈՒԿ հետազոտություններ, ուսումնասիրություններ:
3․ Ինչպես դիմել
Ցանցին անդամակցությամբ հետաքրքրված կազմակերպությունը / կառույցը պետք է ներկայացնի․
- Լրացված հայտադիմում (ՄՈՒԿ դասընթացներ իրականացնող կառույցները պետք է ներբեռնեն և լրացնեն Հայտադիմում 1 -ը, ՄՈՒԿ հետազոտություններով, ջատագովությամբ և այլ գործունեությամբ զբաղվող կառույցները՝ Հայտադիմում 2-ը)
- Կանոնադրություն և պետական գրանցման վկայական։
Դիմում-փաթեթն անհրաժեշտ է ուղարկել առցանց տարբերակով՝ info@dvv-international.am էլեկտրոնային հասցեին։
4․ Գնահատման գործընթաց և չափանիշների շրջանակ
Դիմումները գնահատվում են ցանցի խորհրդի կողմից՝ նախապես սահմանված ստորև չափանիշների շրջանակի հիման վրա։ Ընտրությունը կատարվում է հայտերի հիման վրա, սակայն մեծ թվով հավասար հավակնորդների դեպքում կարող են անցկացվել հարցազրույցներ (որոնց նպատակն է ավելի լավ պատկերացում կազմել կառույցի՝ Ցանցին միանալու պատրաստակամության և մոտիվացիայի, ինչպես նաև ՄՈՒԿ ռազմավարական տեսլականի մասին)։ Խորհրդի կողմից կատարված ընտրությունը հաստատվում է ցանցի կողմից։
1․ Արժեքային համընկնում (ՄՈՒԿ և ցկյանս ուսումնառության կարևորում, գործընկերության և համագործակցության կարևորում և արժևորում)
2․ Կազմակերպության փորձառության (ՄՈՒԿ ոլորտային գործունեություն և փորձառություն, մարդկային ռեսուրսներ, այն է՝ թիմ / դասընթացավարներ/ փորձագետներ / հետազոտողներ)
3․ 1․ ՄՈՒԿ Կրթական ծրագրերի առկայություն և թիրախային խումբ / խմբեր (ՄՈՒԿ մատակարարների դեպքում) (Կրթական ծրագրերի առկայություն, թիրախային խումբ / խմբեր, դասընթացների բնույթ)
3․2․ Կրթական / ՄՈՒԿ հետազոտություններ, իրազեկման արշավներ և այլ նախաձեռնություններ (ՄՈՒԿ ոլորտում գործունեություն ծավալող այլ կառույցների համար) (հետազոտությունների կամ իրազեկման արշավների, այլ նախաձեռնությունների առկայություն, շահակիրների հետ համագործակցություն (օրինակ՝ նախարարություններ, կրթական հաստատություններ, այլ)։
5․ Անդամակցություն և ընձեռնված հնարավորություններ
Ընտրված կազմակերպությունը ստանում է․
- ցանցի լիիրավ անդամի կարգավիճակ՝ ցանցի նպատակներին և արժեքներին համահունչ
- Ցանցի խորհրդի անդամ ընտրելու և ընտրվելու իրավունք
- ձայնի իրավունք ցանցի որոշումների կայացման մեջ
- համատեղ ծրագրերի մասնակցության հնարավորություն
- շարունակական կարողությունների զարգացում, այդ թվում՝ վերապատրաստումների, աշխատարանների, փորձի փոխանակման միջոցառումների մասնակցություն
- հնարավորություն ներգրավելու տարբեր թեմատիկ աշխատանքային խմբերին՝ համատեղ նախաձեռնությունների իրականացման համար՝ ի նպաստ ՀՀ-ում ՄՈՒԿ ջատագովության և իրազեկման
Ցանցի անդամ կազմակերպությունը պարտավորվում է՝
- մասնակցել ցանցի ժողովներին և նախաձեռնություններին
- ներգրավվել աշխատանքային խմբերում
- կիսվել փորձով, ռեսուրսներով և տեղեկատվությամբ
- պահպանել ցանցի արժեքներն ու համագործակցության սկզբունքները
- Ցանցի տարեկան ամփոփիչ ժողովի ժամանակ ներկայացնել տվյալ տարվա գործունեության համառոտ հաշվետվություն։
6․ Դիմելու կարգ և ժամկետ
Լրացված հայտադիմումն անհրաժեշտ է ուղարկել առցանց տարբերակով info@dvv-international.am էլեկտրոնային հասցեին։ Հայտադիմումը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով.
1. Հայտադիմում 1 (ՄՈՒԿ դասընթացներ իրականացնող կառույցների համար)
2. Հայտադիմում 2 (ՄՈՒԿ հետազոտություններ, ջատագովություն, այլ գործողություններ իրականացնող կառույցների համար)
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2026 թ․ ապրիլի 30՝ ժամը 18։00։
Ցանցին անդամակցությամբ հետաքրքրված կառույցների համար ս․թ․ ապրիլի 17-ին, ժամը՝ 12։00-ին տեղի կունենա առցանց տեղեկատվական հանդիպում։ Հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք մինչև ապրիլի 16-ը, ժամը 12։00 info@dvv-international.am էլեկտրոնային հասցեին ուղարկել նամակ՝ նշելով անուն, ազգանուն և էլ․ հասցե։ Հանդիպման հղումը կուղարկվի բոլոր գրանցված անձանց։
Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել info@dvv-international.am էլեկտրոնային հասցեով կամ 093 971147 հեռախոսահամարով (կոնտակտային անձ՝ Տաթև Ասրյան, ծրագրերի համակարգող, Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ Հայաստան)։
7․ Ժամանակացույց
| Ապրիլի 10 | Բաց կանչի հայտարարության տարածում |
| Ապրիլի 17, ժամը 12։00 | Տեղեկատվական հանդիպում անդամակցությամբ հետաքրքրված կառույցների համար |
| Ապրիլի 30 | Հայտերի ընդունման վերջնաժամկետ |
| Մայիսի 6 - 22 | Հայտերի գնահատում ցանցի խորհրդի կողմից |
| Մայիսի 25 | Արդյունքների մասին տեղեկացում հայտատուներին |
| Հունիսի 16 | ՄՈՒԿ ոչ ֆորմալ ցանցի հանդիպում, որին կհրավիրվեն նաև նոր ընտրված անդամները։ Հուշագրի ստորագրում |
8․ ՄՈՒԿ ոչ ֆորմալ ցանցի մասին ավելի մանրամասն
2020թ․ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ և համակարգմամբ ձևավորվել է իր կողմից աջակցվող Մեծահասակների ուսումնառության և կրթության (ՄՈՒԿ) բնագավառում գործող 8 կազմակերպությունների ոչ ֆորմալ ցանց։ Ցանցն ընդլայնվել է 2025թ․-ին ևս 8 կառույցով։
Գլխավոր նպատակ
Ցանցի նպատակն է խթանել ՄՈՒԿ մասնակցությունը՝ նպաստելով մեծահասակների ոչ ֆորմալ ուսումնառության օրենսդրական հիմքերի ստեղծմանը, ՄՈՒԿ մասին իրազեկվածությանը և որակի ապահովմանը։
Ենթանպատակներ
- Ունենալ միասնական տեսլական և արժեհամակարգ մեծահասակների ուսումնառության և կրթության զարգացման վերաբերյալ։
- Նպաստել հասարակությունում ՄՈՒԿ-ի և դրա կարևորության մասին իրազեկվածության բարձրացմանը։
- Նպաստել ոլորտի քաղաքականության բարեփոխումներին։
- Նպաստել ՄՈՒԿ ծրագրերի որակի բարձրացմանը՝ չափորոշիչների մշակման, ռեսուրսների և փորձի փոխանակման, նորարարության և տեխնոլոգիաների ինտեգրման և այլ միջոցներով։
- Նպաստել ՄՈՒԿ ծառայությունների հասանելիությանը և սոցիալական ներառականությանը։
Գործունեության տեսակները
- Համատեղ իրականացվող հանրային իրազեկման արշավներ և շահերի պաշտպանություն/ջատագովություն
- Կրթական ծրագրերի համատեղ մշակում և իրականացում․ համատեղ դասընթացներ, վերապատրաստումներ, մենթորական ծրագրեր։
- Մեթոդական և գործնական աջակցություն․ ուսումնական նյութերի և ուսուցման մոդուլների համահեղինակություն, ռեսուրսների գրադարանի ստեղծում։
- Համատեղ հետազոտություններ ՄՈՒԿ ոլորտում՝ նոր անհրաժեշտությունների բացահայտման և լավագույն փորձի ներդրման համար։
- Կարողությունների զարգացում․ սեմինարներ, կոնֆերանսներ, փորձի փոխանակման այցեր անդամ կենտրոնների միջև։
- Տեխնոլոգիական համագործակցություն․ էլ‐ուսուցման հարթակների և թվային գործիքների համատեղ կիրառում։
- Ֆոնդահայթայթում և նախագծերի համաֆինանսավորում․ միջազգային դրամաշնորհներ, տեղական բյուջետային ծրագրեր, կորպորատիվ իրավակազմակերպչական գործընկերություններ։
- Տեղեկատվության, նորությունների փոխանակում անդամների միջև՝ օրենսդական զարգացումների, ոլորտի զարգացումների ու նորությունների վերաբերյալ։
- Շահառումների կարիքների գնահատում և նրանց շահերի ներկայացում` տեղական, մարզային և պետական մակարդակներում։
- Այլ, ըստ ցանցի նպատակի և խնդիրների։
Արժեքները
Անդամների համագործակցային աշխատանքում և կառավարման գործընթացներում ցանցն առաջնորդվում է հետևյալ արժեքներով․
- Թափանցիկություն՝ բաց և հստակ հաղորդակցություն բոլոր մակարդակներում։
- Պատասխանատվություն՝ սեփական հանձնառությունների ու պարտականությունների պատշաճ իրականացում։
- Համագործակցություն և բաց գործընկերություն՝ համատեղ աշխատանք փոխադարձ վստահության և հարգանքի հիման վրա։
- Բարեվարքություն՝ ազնվության, բարեխղճության և սկզբունքների կայունություն բոլոր փոխհարաբերություններում։
- Սոլիդարություն որոշումների կայացման մեջ՝ համախմբված և համերաշխ մոտեցմամբ։
- Մասնակցայնություն՝ անդամների ակտիվ ներգրավվածություն որոշումների կայացման, նախաձեռնությունների պլանավորման և իրականացման գործընթացներում։
- Բազմակարծություն՝ տարբեր կարծիքների ընդունում և խրախուսում՝ որպես աճի և զարգացման նախադրյալ։
- Ճկունություն՝ հարմարեցում փոփոխվող միջավայրին և մարտահրավերներին։
- Որակ՝ գործունեության և արդյունքների բարձր չափանիշների պահպանում
ՄՈՒԿ ոչ ֆորմալ ցանցի անդամներ
- «Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն» ՀԿ
- Դիլիջանի համայնքային կենտրոն
- Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակ
- ԵՊՀ Շարունակական կրթության կենտրոն
- Ինստեփանավան զարգացման հիմնադրամ
- «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամ
- «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության ՀԿ
- ԿրթաԲԱՑ Ապարան
- ԿրթաԲԱՑ Ստեփանավան
- «Հայաստանի մանուկներ» («ՔՈԱՖ») բարեգործական հիմնադրամ
- Հանրային լրագրության ակումբ
- Հանրային քաղաքականության ինստիտուտ
- «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամ
- Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ
- «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ
- ««Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ
- Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոն հիմնադրամ
[1] Մեծահասակ է համարվում ցանկացած մեկը, ով իր հասարակության կողմից համարվում է հասուն, ավարտել է առաջին ֆորմալ կրթությունը և տարբեր ձևերով շարունակում է իր ուսումնառությունը։