Ս/թ հունիսի 6-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացած Մեծահասակների Կրթության Եվրոպական Ասոցիացիայի տարեկան համաժողովում, կառույցի անդամների քվեարկությամբ, հաստատվեց «Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոն հիմնադրամ»-ի անդամակցությունը Մեծահասակների Կրթության Եվրոպական Ասոցիացիային։ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը համագործակցում է «Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոն հիմնադրամ»-ի հետ 2013 թվականից։ Այս տարիների ընթացքում կենտրոնը դասընթացներ է անցկացրել ավելի քան 20 տարբեր ուղղություններով, որին մասնակցել է ավելի քան 1200 շահառու։ Կենտրոնը դարձել է համայնքում ՄՈՒԿ ծառայություններ տրամադրող ճանաչված կառույց, ինչպես նաև հանդիսանում է ՄՈՒԿ մատակարարների ոչ-ֆորմալ ցանցի անդամ։
Մեծահասակների Կրթության Եվրոպական Ասոցիացիայի անդամակցությունը մեծահասակների կրթությամբ զբաղվողների համաեվրոպական ցանցի մաս դառնալու հնարավորություն է: Անդամակցության իրավասու կազմակերպություն է համարվում ցանկացած հաստատություն կամ ասոցիացիա, որն ունի իրավաբանական անձի կարգավիճակ և օրինականորեն գրանցված է իր երկրում, ունի շահույթ չհետապնդող նպատակ՝ հիմնականում աշխատելով մեծահասակների կրթության ոլորտում։ Տվյալ կառույցի վարչական նստավայրն ու գործունեության շրջանակը պետք է գտնվեն որևէ եվրոպական երկրում: Մեծահասակների Կրթության Եվրոպական Ասոցիացիայի անդամների թիվն անսահմանափակ է։